Կիրակի անցկացված հանրաքվեի ժամանակ շվեյցարացիների մեծամասնությունը դեմ է քվերակել համընդհանուր զինապարտությունը չեղյալ համարելուն, հաղորդում են շվեյցարական լրատվամիջոցները:

Tribune de Geneve հրատարակչության տվյալներով հանրաքվեն դեռ ոչ բոլոր մարզերում է անցկացվել, սակայն արդեն ապրզ է, որ 26 կանտոններից մեծամասնության բնակիչները չեն ցանկանում հրաժարվել համընդհանուր զորակոչից: Ընդ որում այս պահին կանտոններից եւ ոչ մեկում առաջարկը ձայների մեծամասնություն չի ստացել:

Զորակոչը չեղյալ համարող նախաձեռնությամբ հանդես է եկել Առանց բանակի Շվեյցարիայի միավորումը(GSsA): Չնայած իր անվանմանը, միավորումը կոչ չի անում առհասարակ հրաժարվել զինուժից, այլ առաջարկում է զգալիորեն կրճատել դրա թիվն ու փոխարինել պայմանագրային ծառայությամբ: Իրենց երաշխավորություններում երկրի իշխանությունները կոչ են անում «ոչ» ասել GSsA-ի առաջարկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Զինվորական ծառայությունը Շվեյցարիայում պարտադիր է դրան պիտանի ճանաչված  բոլոր տղամարդկանց համար: Սովորաբար շվեյցարացի տղաները ծառայության են անցնում 20 տարեկան հասակում եւ ծառայում են 18 կամ 21 շաբաթ: Այնուհետեւ տղամարդիկ պարբերաբար մասնակցում են երեքշաբաթյա ռազմական հավաքներին: Սովորական զինվորների համար ընդհանուր առմամաբ ծառայությունը կազմում է 206-300 օր: