Մինչդեռ Նայրոբիում Westgate առեւտրի կենտրոնում շարունակվում է հակաահաբեկչական գործողությունը, «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալները, որոնք իրենց վրա էին վերցրել հարձակման համար պատասխանատվությունը, իսլամիստական կայքերից մեկում նախազգուշացում են տեղադրել, որ կսպանեն մնացած բոլոր պատանդներին: Մինչ այդ ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել, քանի որ ահաբեկիչների թվում ամերիկացիներ կան:
«Մենք ցուցումներ ենք տվել առեւտրի կենտրոնում գտնվող մոջահեդներին գործողություններ ձեռնարկել պատանդների նկատմամբ»,-մեջբերում է AFP գործակալությունը խմբավորման ներկայացուցիչ Ալի Մոհամեդ Ռաջային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
RBK-ն, վկայակոչելով NBC News-ը, հաղորդում է, որ Հետախուզությունների դաշնային բյուրոն զբաղվում է այն տեղեկություններով, որ հնարավոր է, ահաբեկչական գործողությանը մասնակցում են նաեւ ամերիկացիներ: Այն մասին, որ զինյալների թվում կա 3 ամերիկացի, ավելի վաղ հաղորդել էր CNN հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զինված մարդիկ հարձակվել էին Նայրոբիում Westgate առեւտրի կենտրոնի այցելուների վրա: Նախքան անզեն մարդկանց ուղղությամբ կրակ բացելը, նրանք թույլ էին տվել, որ մահմեդականները հեռանան շինությունից: Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել 68 մարդ, մոտ 200 հոգի վիրավորվել է:
Զինվորականներն ու իրավապահները սեպտեմբերի 22-ի երեկոյան զինյալների դեմ ռազմական գործողության վերջին փուլն են սկսել: Նրանց հաջողվել է ազատել պատանդների մեծ մասին, սակայն զինյալները նախկինի պես պահում են 10 մարդու: Սեպտեմբերի 23-ի առավոտյան հրաձգությունը առեւտրի կենտրոնում վերսկսվել է: Շինությունում մի քանի հուժկու պայթյուն է որոտացել:
Նայրոբիի առեւտրի կենտրոնում պայթյուններ են հնչել
Նայրոբիում շարունակվում է առեւտրի կենտրոնի մաքրման գործողությունը





























