ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է մեկօրյա ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին եւ նրան ուղեկցող անձանց։ Այդ մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

«Հաճելի է հանդիպել Կանադայի խորհրդարանի ազդեցիկ դեմքերից ու երկրի քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկի հետ, ով առանցքային դեր է կատարել դաշնային օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»,- ողջունելով հյուրերին, ասել է խորհրդարանի նախագահը։  Մեզ համար, նշել է նա, կարեւոր է, որ տարբեր երկրների խորհրդարանների մեր գործընկերները տեղեկացված լինեն Արցախի մասին՝ իրերի վիճակին ականատես լինելով անմիջապես տեղում։ «Միեւնույն ժամանակ, այս կարգի շփումները, կարծում եմ, հեռանկարային նախադրյալ կհանդիսանան մեր երկու խորհրդարանների միջեւ  կապերի հաստատման համար»,- նկատել է Ղուլյանը։

Իր հերթին, նշելով, որ իր համար մեծ պատիվ է լինել Լեռնային Ղարաբաղում  եւ հանդիպում ունենալ խորհրդարանի նախագահի հետ, կանադացի պատգամավորը հայտնել է, որ այցի նպատակը զուտ ճանաչողական է։ «Ուզում եմ ավելի շատ բան իմանալ ձեր երկրի ու ժողովրդի մասին, որպեսզի այստեղ ստացածս տեղեկությունները հաղորդեմ գործընկերներիս, ու նրանք նույնպես լիարժեք տեղեկացված լինեն Լեռնային Ղարաբաղի մասին»,- ասել է կանադացին։

Կանադացի հյուրին հետաքրքրում էր Արցախի մասին ամեն ինչ՝ սկսած ղարաբաղյան հիմնախնդրից, կարգավորման գործընթացից, երկրում ընտրական համակարգի դրվածքից, խորհրդարանի գործունեությունից, կառուցվածքից, քաղաքական կազմից մինչեւ հասարակական-քաղաքական,  սոցիալ-տնտեսական կյանքի ամենատարբեր բնագավառներն ու ոլորտները, որոնց վերաբերյալ ԱԺ նախագահը տվել է համապատասխան պարզաբանումներ։

Հանդիպմանը ներկա էին  Կանադայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ժիրայր Պասմաճյանը տիկնոջ՝ Հասմիկ Պասմաճյանի հետ։