Սեպտեմբերի 23-ին Սոչիում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից առաջ, Արտգործնախարարների, պաշտպանության նախարարներ խորհրդի եւ Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստ է տեղի ունեցել:

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների, պաշտպանական գերատեսչությունների եւ անվտանգության խորհուրդների ղեկավարները ծանոթացել են նիստի օրակարգին, քննարկել տաջիկա-աֆղանական սահմանի պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հայտարարությունը Սիրիայի եւ դրա շուրջ իրադրության մասին:

Նիստին ելույթ ունենալով`Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն անհանգստացած է Սիրիայում իրադրության սրացմամբ եւ հանդես է գալիս հակամարտող կողմերի միջեւ քաղաքական երկխոսության մեկնարկի կողմնակից:  Լավրովը հիշեցրել է Սիրիայում քաղաքական երկխոսությունն արագ սկսելու անհրաժեշտության եւ քիմիական զենքի հարցը լուծելու մասին: «Կարծում եմ` այսօր կարող ենք աջակցել Սիրիայի հարցով միջազգային հանրության ջանքերին», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նիստում լսել են նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլա Բորդյոժայի զեկույցը, որը զեկուցել է Կազմակերպությունում իրադրության մասին եւ տեղեկացրել Ղրղըզստանում 2013թ. ՀԱՊԿ-ում վերջինիս նախագահության ընթացքում առաջնահերթությունների իրականացման մասին: 2014թ. նախագահությունն անցնում է Ռուսաստանին: Այս առումով ռուսական կողմը տեղեկացրել է գործունեության առաջնահերթությունների ուղղվածության մասին: