Աշխատանքային այցով Սոչիում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին մինչ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանի մեկնարկը հանդիպում է ունեցել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ բարձր մակարդակի հաճախակի հանդիպումները, երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջեւ ակտիվ համագործակցությունն զգալիորեն նպաստում են միջպետական հարաբերությունների օրակարգի հարստացմանը փոխշահավետ բոլոր ուղղություններով:

Հայաստանի եւ Բելառուսի նախագահները գոհունակությամբ են նշել, որ մի քանի ամիս առաջ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածությունների որոշակի մասն արդեն իրականացվել է, իսկ մի մասն էլ իրագործման ընթացքի մեջ է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարին: Կողմերը քննարկել են նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում Բելառուսի աջակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի եւ Բելառուսի նախագահները հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարեւորել են նաեւ Բելառուսում հայ համայնքի դերը: