ՀԱՊԿ երկրները սատարում են Սիրիայի հարցերով «Ժնեւ-2» միջազգային կոնֆերանսի հրավիրման ջանքերին, ասվում է այսօր ընդունված համատեղ հայտարարության տեքստում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Դաշինքի մասնակիցները նաեւ հաստատակամորեն քննադատում են «խաղաղ բնակչության հանդեպ ահաբեկչության եւ բռնության ցանկացած դրսեւորում, հատկապես կրոնական եւ ազգային հողի վրա հիմնված, եւ դեմ են հանդես գալիս Սիրիայում ներքին հակամարտության հետագա ռազմականացմանն ուղղված հակասական գործողություններին»:
ՀԱՊԿ հայտարարությունը սկսվում է Սիրիայում եւ դրա շուրջ տիրող իրավիճակի զարգացման վերաբերյալ անհանգստության արտահայտմամբ: Այն ստորագրած երկրները կողմ են այդ երկրում եւ ամբողջ Մերձավոր Արեւելքում առաջընթացի, բարգավաճման, կայունության եւ խաղաղության հասնելուն:
Ինչպես գագաթաժողովի ավարտին հայտարարել է ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները չեն քննարկել իրենց երկրների տարածքում սիրիական քիմիական զենքի ոչնչացման հնարավորությունը, ինչպես նաեւ չեն հաշվարկել գործողությունները՝ Սիրիայում ԱՄՆ ռազմական օպերացիայի դեպքում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՀԱՊԿ մասնակիցներն են Հայաստանը Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:





























