Սփյուռքի երիտասարդները պետք է ակտիվորեն մասնակցեն սփյուռքի նախարարության ծրագրերին եւ հաճախ այցելեն էլեկտրոնային կայքն ու «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Համազգային հայ կրթական, մշակութային միության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիլիթ Գալստյանին եւ Սիդնեյի Համազգային Արշակ եւ Սոֆի Գօլստըն ճեմարանի սաների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը ճեմարանի սաների հետ խոսել է Հայոց լեզվի կարեւորության, հայապահպանության, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող երիտասարդական ծրագրերի, համահայկական մրցույթների ու միջոցառումների մասին:

Հանդիպման ավարտին Սիդնեյի Համազգային Արշակ եւ Սոֆի Գօլստըն ճեմարանի սաները ծանոթացել են ՀՀ սփյուռքի նախարարության թանգարանին եւ լուսանկարվել նախարարի հետ: