Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 14-20-ին, տեղի է ունեցել Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների եւ աշխատակիցների այցը Բրյուսել եւ Վիեննա:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ եւ ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես նաեւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ուսումնական այցը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առաջին նման այցելությունն էր:

Սեպտեմբերի 16-18-ին ԴԴ ունկնդիրներն այցելել են ԵՄ հիմնական կառույցներՙ Հանձնաժողով, Խորհուրդ, Արտաքին գործունեության ծառայություն եւ Եվրոպական խորհրդարան: ԵՄ կառույցներում ունկնդիրների համար կազմակերպված դասախոսությունները եւ դրանց հաջորդած հարց ու պատասխաններն ավելի ամրապնդեցին ունկնդիրների` դպրոցում ստացած գիտելիքները: Եվրոպական խորհրդարանում Դպրոցի ունկնդիրները ներկա են գտնվել նաեւ Արեւելյան գործընկերության մասին լսումների, իսկ երեկոյանՙ «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած հայ եւ թուրք լուսանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված էր հայ-թուրքական փակ սահմանի խնդրին:

 Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն այցելել են նաեւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ու ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության մասին: Այնուհետեւ ունկնդիրները հանդիպել են ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ:

Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ունկնդիրները ճանաչողական այց են կատարել Անտվերպեն:

Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելել են ԵԱՀԿ, որտեղ կառույցի գործունեության վերաբերյալ դասախոսությունից բացի, ներկա գտնվեցին Մշտական խորհրդի նիստին, որի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: ԴԴ ունկնդիրներն այցելել են նաեւ Միավորված ազգերի կազմակերպություն եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն եւ հանդիպումներ ունեցան կառույցների համապատասխան պատասխանատուների հետ, ինչպես նաեւ կատարեցին շրջայց ՄԱԿ-ի շենքում:

Այցի ընթացքում ապագա դիվանագետներն այցելել են նաեւ Բրյուսելում ու Վիեննայում ՀՀ դեսպանություններ, որտեղ նրանց ընդունել են ներկայացուցչությունների ղեկավարներ, դեսպաններ Ավետ Ադոնցը եւ Արման Կիրակոսյանը: Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելել են նաեւ Մխիթարյան միաբանություն եւ ծանոթացան հայկական մշակույթի նշանակալից օջախներից մեկի գործունեությանն ու մշակութային հսկայական ժառանգությանը:

ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ եւ միջազգային կառույցներ ֆինանսավորել էր Եվրոպական Միությունըՙ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ցուցաբերվող շարունակական օժանդակության ծրագրի շրջանակներում: