Իշխող Ռեգիոնների կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Իննա Բոգոսլովսկայան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինային «բռնաբարելու» համար:

«Քանի որ մեզ «բռնաբարել էին» գազային պայմանագրում, ապա պետք է գոնե ներողություն խնդրեին դրա համար եւ փոխեին պայմանագրի պայմանները»,- հայտնել է Բոգոսլովսկայան՝ ելույթ ունենալով ICTV ալիքի «Խոսքի ազատություն» թոք շոուում: Նա հավելել է, որ Ուկրաինան ներողության փոխարեն ստացել է  «անբարյացակամ հայտարարություններ»՝ «մեզ կոտրելու, եւ իրենց ուզածով ապրել ստիպելու փորձեր»:

Իշխանության կուսակցության ներկայացուցիչը նաեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը Ուկրաինայի միանալը բացառվում է, հաղորդում է «Նովի ռեգիոնը»:

Ուկրաինայի կառավարությունում Ռուսաստանի հետ գազային պայմանագիրն անվանում են «խճողված» եւ բազմիցս ապարդյուն փորձել են հասնել դրա վերաձեւակերպմանը: Հաղորդվել է, որ ռուսական կողմը հանրապետությանն առաջարկել էր զեղչեր՝ մասնավորապես Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի վերահսկողությունն իրեն փոխանցելու դեպքում: Մատակարարվող վառելիքի նվազեցված սակագներ Ուկրաինան կունենար նաեւ Մաքսային միությունում ընդգրկվելու դեպքում: