Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովի կազմն արդեն վերջնական տեսքի է բերված: NEWS.am-ի տեղեկություններով՝ այս շաբաթվա ընթացքում հանձնաժողովը կանի իր առաջին նիստը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված չէր «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը, իսկ Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ընդգրկվել է:
Թե ինչքան կտեւեն հանձնաժողովի քննարկումները եւ երբ կլինի որոշումը՝ ուղեվարձը կթանկանա, թե ոչ, կոնկրետ ժամկետ չկա, «ինչքան տեւեն հանձնաժողովի աշխատանքները եւ քննարկումները»:
Նշենք, որ ավելի քան 25 հոգուց բաղկացած այս հանձնաժողովում ընդգրկված են տրանսպորտի ուղղությամբ դասավանդող դասախոսներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, Երեւանի ավագանու խմբակցության անդամներ, 3-4 փոխադրող կազմակերպության ներկայացուցիչներ, քաղաքապետարանի ֆինանսական, տնտեսական ոլորտի պաշտոնյաներ, տրանսպորտային մասնագետներ: Տնտեսվարողները տարբեր հաշվարկներ են ներկայացրել՝ ուղեվարձը 150-250 դրամ դարձնելու մասին, շեշտել են, որ անհնար է այս գումարով աշխատել: Իսկ հ/կ-ների ներկայացուցիչները հաշվարկներ են արել, ըստ որի՝ հնարավոր է նույնիսկ 80 դրամ ուղեվարձով շահույթ ստանալ: Այժմ հանձնաժողովը ուսումնասիրություններ, քննարկումներ կանի եւ կգան ընդհանուր հայտարարի, թե ինչքան պետք է թանկանա ուղեվարձը: Բայց որ ուղեվարձը կթանկանա, դա միանշանակ է, տնտեսվարողները անդրդվելի են:




























