ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չխառնվել նախագահի անձնական կյանքին եւ գնահատել որպես պետության ղեկավար նրա աշխատանքը: Նա հավելել է, որ Վլադիմիր Պուտինը չափազանց շատ է աշխատում, եւ նման հարցերը տեղին չեն:

 «Կարող եմ միայն մեկ բան ասել. Ես, անկեղծ ասած, կդժվարանայի ինչ-որ բան ասել նրա անձնական կյանքի մասին: Նա այնքան շատ է աշխատում, որ չեմ կարող հասկանալ՝ որտեղի՞ց այն ունենա», - «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, որ Պուտինը՝ որպես «առողջ տղամարդ», պետք է որ անձնական կյանք ունենա:

Պեսկովը ստիպված մեկ անգամ էլ է անդրադարձել Պուտինի գաղտնի պսակադրության մասին լուրերին, որն իբր կայացել էր Վալդայի Իվերի վանքում: Ավելի վաղ նա արդեն հերքել էր այդ տեղեկությունը:

Պեսկովը Պուտինի ու Կաբաեւայի պսակադրության լուրերը անվանել է ձանձրույթից փրկվելու շաբաթօրյա ինտերնետ-մարզումներ

NEWSru.com-ը հայտնում է, որ թեմայի քննարկումների ալիքը սկսվել էր @akaloy օգտատիրոջ «թվիթից», որով հայտնում էր, թե իր տեղեկությամբ «Պուտինն ու Կաբաեւան այսօր պսակադրվում են Իվերի վանքում: Ամբողջ Վալդայը շրջափակված է»:

Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ լուրերը, նշել է, որ «չգիտի դրանք որտեղից են հայտնվում»: Նա ընդգծել է, որ այդ ժամանակ Պուտինը Սոչիում էր:

 «Իսկ թե Իվերի վանքում  ինչն է շրջափակված, չեմ կարող ասել: Դուք հասկանում եք, դա հորինվածքների ժանրից է եւ անիմաստ է հերքելը, անիմաստ է դրանք անհեթեթություն անվանելը: Արդեն հարյուր անգամ դա արել ենք: Բամբասանքները տարածվում են, ինչ արած: Բայց իրականության հետ դրանք ոչ մի կապ չունեն», - հայտարարել է նա: