Ոչ թե Եվրոպան կորցրեց Հայաստանը, այլ Հայաստանը կորցրեց իր եվրոպական հեռանկարը․ սա է ճիշտ մոտեցումը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը: «Եվ Հայաստանն այդ կորուստն ունեցավ Ռուսաստանի կողմից անհավանական մեծ ճնշման պատճառով, որ անվտանգության հարցով ճնշում էր», - հավելել է նա:

«Ահա թե ինչու պետք է ասեմ, որ ուղղակի անընդունելի է Ռուսաստանի կողմից նման ճնշումների բանեցումը, որ նրանք կիրառում են, որպեսզի կանխեն երկրների սուվերեն որոշումները` անդամակցելու իրենց նախընտրած միությանը», - հայտարարել է Բրոկը:

Երեքշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը քննարկում էր Եվրամիության հարեւանության ծրագրի քաղաքականության առաջընթացի զեկույցը:

Հայաստանին վերաբերող գլուխը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը: Եթե ամռանը ներկայացված զեկույցում մինչ այդ ասվում էր, որ Հայաստանը Ասոցացման համաձայնագրի շրջանակներում բավականին մեծ առաջընթաց ունի՝ չնայած ժողովրդավարության որոշակի պակասին, ապա Եվրախորհրդարանի առաջարկով հիմա Հայաստանի մասով լուրջ փոփոխություններ պետք է արվեն: Եվրամիությունը կորցնում է իր ազդեցությունը Վրաստանում եւ Հայաստանում, միաժամանակ՝ Մոսկվան մեծացնում է իր ազդեցությունը այս երկրներում, ասում էին Եվրախորհրդարանի պատգամավորները` որպես Եվրամիության հարեւանության ծրագրի ձախողում հաճախ հիշատակելով Հայաստանը:

Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում