Տավուշի մարզում ականի պայթյունից մահացած երիտասարդը՝  26-ամյա  Էդվարդ Դալլաքյանը, մեկ տարի առաջ էր ամուսնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը:

Նա նշեց, որ կինը հղի է, սպասում էին առաջանեկի ծնվելուն: Էդվարդը ունի նաեւ երկու քույր, ընտանիքի կերակրող ձեռքը ինքն էր, եւ այժմ նրա մահվանից հետո, գյուղապետի խոսքով, ընտանիքը նորից սոցիալապես անապահով կդառնա:

«Անասուն էր պահում, անասունները սահման անցնելուց գնացել էր հետ բերի, էն էլ ոտքն եւ թեւը դիպել է ականին, վիրավորվել է, գյուղացիները գնացել են օգնեն, բայց մեկ ժամից ավել կրակոցների տակ է եղել: Բժիշկը առաջին օգնություն է ցուցաբերել, բայց հիվանդանոց  չհասցրած՝ մահացել է»,- հայտնեց գյուղապետը:

Իսկ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Ճամբարակի բաժնից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, դատաբժշկական փորձաքննության պատասխանից հետո՝ պարզ կլինի՝ ինչպիսի ընթացք կստանա քննությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Այգեձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդիկ Դալլաքյանը վիրավորվել էր ականի վրա, իսկ հակառակորդը ժամեր շարունակ կրակելով թույլ չէր տվել, որ որեւէ մեկը մտնի դաշտ եւ հանի նրան, արդյունքում երիտասարդը արյունաքամ էր եղել եւ մահացել: