Չինաստանի Սիան քաղաքում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական ֆորում 2013»-ի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման խոսքով հանդես եկան ՉԺՀ ի կենտրոնական եւ տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Աֆղանստանի նախագահը, Ուկրաինայի փոխվարչապետը եւ այլք:
Ֆորումին ներկա է եղել նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով հանդիսավոր մասի ավարտից հետո ունեցած իր ելույթում նախ խոսել է հայ-չինական դարավոր, բարեկամական հարաբերություններից, Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առկա միջպետական տնտեսական համագործակցությունից, ապա մանրամասն ներկայացրել Գյումրիում չինական եւ այլ աղբյուրների ներդրումների համար առավել հավանական ուղղությունները, որոնց շարքում քաղաքապետն առանձնացրել է այլընտրանքային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության եւ սպորտի ոլորտները:
Օրվա ընթացքում, ծրագրային հանդիպումներից զատ, Գյումրիի քաղաքապետը քննարկումներ է ունեցել Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Չինաստանի մի շարք քաղաքների իր պաշտոնակիցների հետ, որոնց ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել քաղաքների միջեւ համագործակցության հնարավոր ձեւաչափերի, տարբեր ոլորտներում փորձի փոխանակում իրականացնելու հնարավորությունների մասին:




























