Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն իրականում աճել է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը:

Զբոսաշրջային այցելությունների աճը նա պայմանավորեց ծառայությունների որակի բարձրացմամբ, նոր զբոսաշրջային պրոդուկտների հայտնվելով: «Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում»,- ասաց Կ. Դավոյանը:

Նրա խոսքով՝ հարցումները ցույց են տալիս, որ զբոսաշրջիկներին Հայաստանում ամենաշատը դուր է գալիս հայերի մարդկային վերաբերմունքը: «Առաջինը շեշտում են մարդկանց, թեեւ իհարկե կան նոր հյուրանոցներ, նոր երթուղիներ»,- նշեց Կ. Դավոյանը:

Նոր երթուղիների շարքում նա առանձնացրեց Արմավիրի մարզում ուրարտական Արգիշտի թագավորի սեպագրերով քարերը, այբուբենի քարե պուրակը Աշտարակ-Ապարան մայրուղու մոտ: Զբոսաշրջիկներին նաեւ հետաքրքրում են հին արհեստների ներկայացուցիչները, ինչպես օրինակ՝ խաչքարեր կերտողները: Դրան զուգահեռ զարգանում է նաեւ արկածային տուրիզմը, ջիպերով տուրերը եւ ալն: