ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, սեպտեմբերի 27-ին, հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուոլիկի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարները եւ համանախագահները շարունակել են քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացի էության վերաբերյալ։
Համանախագահները ընդգծել են իրենց երեք երկրների հանձնառությունը աջակցելու ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նրանք վկայակոչել են ս.թ. հունիսի 18-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների Էնիսկիլենում ընդունված հայտարարությունը՝ հատուկ շեշտելով կողմերին ուղղված կոչը՝ զերծ մնալ որեւիցե գործողություններից եւ հռետորաբանությունից, որոնք կարող են տանել տարածաշրջանում լարվածության աճին եւ հակամարտության սրմանը։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Համանախագահները տեղեկացրել են, որ նախատեսում են նոյեմբերին այցելել տարածաշրջան՝ նախագահների հետ քննարկելու մինչեւ տարեվերջ ծրագրված գագաթաժողովին առնչվող հարցեր։





























