Ադրբեջանի ԱԳՆ-ն «սեւ ցուցակի» կազմում նախաձեռնելով փորձում է սպառնալ եւ միաժամանակ խոչընդոտել Լեռնային Ղարաբաղ արտասահմանյան երկրների ներկայացուցիչների այցելություններին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը NEWS.am, haynews.am եւ tert.am գործակալությունների թղթակիցների հետ զրույցում:
«Պատճառն այն է, որ Ադրբեջանը վախենում է, թե Արցախ այցելող մարդիկ կարող են իմանալ ճշմարտությունը», - կարծում է բարոնուհին: «Մենք «սեւ ցուցակում» հայտնվածներից ենք, եւ դա պատիվ ենք համարում: Մենք շատ հպարտ ենք, որ մեր անուններն այդ ցուցակում են՝ պատվավոր շատ մարդկանց անունների կողքին: Ես այս ամենին հումորով եմ վերաբերվում՝ իբրեւ մեծ կատակի», - նշել է բարոնուհի Քոքսը:
Հիշեցնենք, խոսքն առանց Ադրբեջանի ԱԳՆ-ի գիտության Լեռնային Ղարաբաղ այցելած քաղաքացիների ցուցակի մասին է: Մի քանի հարյուր անուններից կազմված ցուցակում ընդգրկված են նաեւ Մոնսերատ Կաբալյեն եւ Ալ Բանոն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























