ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Ասամբլեայի խոսնակ Ջոն Պերեսը պատասխանել է Լոս-Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի սպառնալիքին, թե ԼՂ այցելելու պատճառով իր անունը կընդգրկվի այսպես կոչված «սեւ ցուցակում»:
Քալիֆորնիայի պաշտոնատար անձանց Հայաստան ու Արցախ այցի նախօրեին, Լոս-Անջելեսում Ադրբեջանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաեւը նամակ է հղել պատվիրակության ոչ հայ անդամներին՝ սպառնալով, որ եթե նրանք այցելեն ԼՂ, պաշտոնական Բաքուն նրանց կհայտարարի «պերսոնա նոն գրատա» եւ կներառի այսպես կոչված «սեւ ցուցակում», որտեղ արդեն ավելի քան 300 օտարերկրացի պաշտոնյաների անուններ կան:
Պերեսի այցն Արցախ ծրագրավորված չէր, սակայն Քալիֆորնիայից մյուս պատվիրակների հետ Պերեսի Արցախ չմեկնելու փաստը ադրբեջանցի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները անվանել են ադրբեջանական կողմի ճնշման հետեւանք:
Ինչպես հաղորդում է Asbarez-ը, Աղաեւին ուղղված իր նամակում Պերեսը բացատրում է իր երթուղին եւ գլխավոր հյուպատոսին կոչ է անում ավելացնել իր անունը «սեւ ցուցակում», եթե Բաքուն մտադիր է պատվիրակության որեւէ անդամի հայտարարել «պերսոնա նոն գրատա»: «Խնդրում ենք տեղյակ լինել, որ եթե Ադրբեջանի Հանրապետությունը Քալիֆորնիայի որեւէ պատվիրակի ավելացնի «պերսոնա նոն գրատա»-ի ցանկում, ապա պետք է անհապաղ ավելացնի նաեւ իմ անունը», -գրել է Պերեսըն Աղաեւին:
«Եթե դուք նամակ ուղարկելուց առաջ հետաքրքվեիք, ապա կտեղեկանայիք, որ Լեռնային Ղարաբաղն իմ այցում չի ընդգրկվել: Սակայն, ես անպատասխան չեմ թողնի Քալիֆորնիայի օրինական ընտրված ներկայացուցիչներին ճամփորդական ծրագիր թելադրելու ցանկացած փորձ: Ընդ որում, Քալիֆորնիայի պաշտոնյաներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու սպառնալիքը չի նպաստում է փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը», - ի պատասխան Աղաեւի սպառնալիքների՝ հայտարարել է Պերեսը:
Նշենք, որ նախքան Երեւասնից մեկնելը Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի խոսնակը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Իմ գործընկերները եւ ես տեղյակ ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ինչպես նաեւ ԱՄՆ -ի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարեւոր հարաբերություններին: Ես միանշանակ աջակցում եմ ձեր կառավարության՝ իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին եւ կիսում եմ նախագահ Օբամայի տեսակետը, երբ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հետ միասին ցանկանում են օգնել կողմերին՝ հասնել ամուր եւ խաղաղ կարգավորման: Հենց այս ոգով եմ ես պատասխանում ձեր նամակին»,- պարզաբանել է Պերեսը:





























