ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցը լուրջ առաջընթաց է երկու երկրների հարաբերություններում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի հայտնի իրանագետ Կարինե Գեւորգյանը:

Գեւորգյանի խոսքով, Սպիտակ տանը ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցը գնահատել են ջերմ, սակայն հայրենիք վերադարձած նախագահին Իրանում դիմավորել են ձվերով ու կոշիկներով, ինչի մասին հաղորդել է Թեհրանում New York Times-ի թղթակիցը. «Փաստը, որ Իրանում New York Times-ի թղթակցություն կա, ինքնիրեն հետաքրքիր է: Օգտակար էր ոչ միայն հեռախոսազրույցը, այլ նաեւ այն, որ Իրանում պահպանողականները կոպիտ դիմավորեցին Հասան Ռոուհանիին, քանի որ այդ կերպ Իրանը ցույց է տալիս, որ երկիրը լուրջ զիջումների գնալ չի կարող: Եւ դա Ռոուհանիի համար Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում կարեւոր փաստարկ կդառնա»:

Մինչդեռ, իրանագետի խոսքով, ԱՄՆ - ի եւ Իրանի միջեւ հարաբերություններում ջերմացում նկատվեց այն ժամանակ, երբ Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը թուլացան, եւ Իրանում թույլ տրվեց  գործել ամերիկյան հասարակական կազմակերպություններին:  Բացի այդ, Ռոուհանին իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ մտադիր է կարգավորել հարաբերությունները  միջազգային հանրության հետ, այդ թվում, Միացյալ Նահանգների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի ու Իրանի նախագահները 34 տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել: Հայրենիք վերադարձած Ռոուհանիի վրա Թեհրանում ձվեր ու կոշիկներ են նետել: