ԱՄՆ-ի միջուկային ուժերի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Թիմ Գարդիանին հեռացրել են աշխատանքից խաղատների հանդեպ մոլուցքի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

Հեռացման մասին որոշումը կայացվել էր դեռ սեպտեմբերի սկզբին, սակայն նախկինում դրա մասին չէին հայտնում: Փոխծովակալի հանդեպ իրավապահ մարմինների հետաքննությունը սկսվել էր դեռ հունիսին, եւ, երբ այդ մասին տեղեկացել էր ռազմավարական հրամանատարության ղեկավար գեներալ Ռոբերտ Քելերը, նա հրահանգել էր Ռազմածովային ուժերի հետաքննչական վարչությանը սեփական քննություն անցկացնել, հաղորդում է Lenta.ru-ն:

Փոխծովակալը, ով նախկինում վերահսկում էր միջուկակիր ռմբակոծիչների թռիչքները, ինչպես նաեւ սուզանավերն ու վերգետնյա սարքավորումների աշխատանքը, Պենտագոնի կողմից հեռացվել է աշխատանքից, քանի դեռ ընթացքի մեջ է հետաքննությունը: