Ավստրիայի իշխող կոալիցիան պահպանել է մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային խորհրդում: Ավստրիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են սեպտեմբերի 29-ին:
Սոցիալ-դեմոկրատական եւ Ժողովրդական կուսակցություններն ստացել են համապատասխանաբար 27,1 եւ 23,8 տոկոս ձայն, ինչը թույլ կտա նրանց զբաղեցնել Ազգային խորհրդի 183 տեղերից 99-ը: Երկու կուսակցություններն էլ առաջատար դեր են խաղացել Ավստրիայի քաղաքական կյանքում Երկրորդ աշխարհամարտից ի վեր, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
Իր դիրքերն ամրապնդել է ազգայնական ուղղվածության Ազատության կուսակցությունը, որն ստացել է 21,4 տոկոս եւ կստանա 42 մանդատ: Առաջին անգամ խորհրդարան է անցել վերջերս ստեղծված «Նոր Ավստրիա» կուսակցությունը, որը հաղթահարել է 4-տոկոսանոց շեմը եւ ստացել 9 մանդատ:
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66 տոկոս: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը կարող էր մասնակցել մոտ 6 մլն քաղաքացի: Սպասվում է, որ ընտրությունների վերջնական պաշտոնական տվյալները կհրապարակվեն հոկտեմբերի կեսերին:





























