Հայաստանցի բարմենները պարբերաբար մասնակցում են ամեն տարի անցկացվող բարմենների համաշխարհային առաջնությանը՝ շահելով նաեւ մրցանակներ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բարմեն մրցույթին մասնակցելու համար պատրաստվում է 1-2 տարի, քանի որ միջազգային մրցույթներում կանոնները շատ խիստ են: Հայ բարմեններ Արտյոմ Խաչունցը եւ Գառնիկ Սահակյանը 2012 թ. առաջնությունում (Պեկին) գրավել են երկրորդ տեղը:
Տ. Ավետիսյանի խոսքով՝ հայ բարմենների մասնագիտական պատրաստությունն ավելի բարձր է, քան նախկին ԽՍՀՄ ցանկացած երկրում: «Հայաստանում 10 տարվա մասնագիտություն է, մինչ այդ չի եղել, մինչ այդ բուֆետչիկներ էին»,- ասաց Տ. Ավետիսյանը:
Այնուամենայնիվ՝ բարմենների ասոցիացիայի անդամներն ընդունում են, որ ներկայում ոչ բոլոր բարմեններն են ճիշտ տեղում, քանի որ «փողոցից ինչ որ բարեկամ են բերում»: Սակայն, նրանց պնդմամբ, բազմաթիվ սրճարաններում եւ ռեստորաններում կարելի է հանդիպել պատշաճ սպասարկման:





























