2014թ.-ի սկզբին Ղրղըզստանը նախատեսում է հյուրընկալել բնապահպանության հարցերով միջազգային համաժողովին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԱՊՀ հումանտիտար համագործակցության միջպետական հիմնադրամում Ղրղըզստանի ներկայացուցիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադաշ Տոկտոսունովան:
Նրա խոսքով համաժողովը նպատակ ունի ամփոփել 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքը, որը հայտարարված էր բնապահպանության տարի: Ղրղըզական կողմը մտադիր է «Կայուն զարգացման համար բնապահպանական կրթություն եւ մշակույթ - կանաչ աճ» համաժողովին հրավիրել ոչ միայն ԱՊՀ երկրների ներկայացուցիչների, այլեւ բոլոր նրանց, ովքեր կապ ունեն բնապահպանության հետ: «Մենք մտադիր ենք հրավիրել նաեւ հայ գիտնականների եւ բնապահպանների», - ասել է Ադաշ Տոկտոսունովան:
«Բնապահպանական խնդիրներն ընդհանուր են: Կարծում եմ, առաջին հերթին ԱՊՀ շրջանակներում պետք է բնապահպանական դաստիարակության ու կրթության վերաբերյալ գտնել մեկ ընդհանուր դիրքորոշում: Հնարավոր է, մշակել ընդհանուր մեթոդներ, մոտեցումներ բնապահպանական կրթության զարգացման վերաբերյալ: Մենք պետք է համագործակցենք, ինչի համար հսկայական դաշտ կա»,- ընդգծել է նա:





























