Ֆրանսիան պատրաստ է եղել սեպտեմբերի 1-ի գիշերը ռազմական հարված հասցնել Դամասկոսին, քանի որ երեկոյան սպասվում էր զրույց Օբամայի հետ, եւ իշխանությունները վստահ էին, որը խոսքը լինելու է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին: Օլանդը գործողությունը չեղյալ է հայտարարել ամենավերջին պահին, գրում է ֆրանսիական Nouvel Observateur թերթը` վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի աղբյուրները:
Ըստ հրատարակչության` Սիրիային հարվածելու համար Փարիզում նախապատրաստություններն սկսվել էին օգոստոսի 31-ի առավոտյան` Սպիտակ տնից ստացված հեռախոսազանգից հետո: ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի աշխատակիցը նախազգուշացրել էր, որ երեկոյան Բարաք Օբաման կառավարական ուղիղ կապով կկապվի Ֆրանսուա Օլանդի հետ ` կարեւոր խոսակցության համար:
Օլանդը, վստահ լինելով, որ Օբամայի հետ խոսելու են Սիրիայում ռազմական գործողության ժամկետները համաձայնեցնելու մասին, հրահանգել էր Օբամայի հետ իր խոսակցությունից անմիջապես հետո ռազմական խորհրդի նիստ գումարել, որի շրջանակում մտադիր էր պաշտոնական հրաման արձակել: Խորհրդին հրավիրվել էին արտգործնախարարը, ներքին գործերի նախարարը, գլխավոր շտաբի պետը եւ ռազմական հետախուզության վարչության պետը:
Հրատարակչության աղբյուրը հայտնել է, որ Սիրիայի ռմբակոծումը պետք է սկսվեր սեպտեմբերի 1-ին` ժ. 03:00-ին:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Օլանդը ստիպված է եղել հետ կանգնել այդ ծրագրից, քանի որ Օբաման հեռախոսազրույցում անսպասելի հայտնել էր, որ ԱՄՆ-ն հետաձգում է Սիրիայում գործողությունը` մինչ Կոնգրեսում այդ հարցի քննարկումը: Երկու շաբաթ անց ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն համաձայնեցրել էին այդ երկրում սիրիական հակամարտության կարգավորման եւ քիմիական զենքի ոչնչացման նախագիծը:





























