Մեծ Բրիտանիայում առաջարկում են վերանայել ամենավտանգավոր՝ A դասի թմրանյութերի արգելքը: Նման առաջարկություն արել է Բրիտանիայում քրեական խմբավորումների դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը, Դարեմ քաղաքի ոստիկանության ղեկավար Մայք Բարթոնը: Մասնավորապես, նա առաջարկում է, որ Առողջապահության ազգային ծառայությունը դեղամիջոցներ հատկացնի թմրակախվածություն ունեցողներին՝ այդկերպ ոչնչացնելով քրեական խմբավորումների մենաշնորհը:

Բարթոնի կարծիքով, եթե կախվածություն ունեցող անձը կարողանա թմրանյութ ստանալ Ազգային ծառայության կամ նման մի կառույցի կողմից, նա ապօրինի դեղամիջոցներ չի գնի: «Կարելի է կազմակերպել, օրինակ, թերապեւտիկ նկատառումներով հերոինի արտադրություն, եւ դա էժան կլինի բոլոր համար: Բացի այդ, եթե թմրամոլը թմրանյութ ստանա կլինիկայում, դա կնվազեցնի ՁԻԱՀ-ով եւ հեպատիտ C-ով վարակվելու վտանգը»,- ասել է Բարթոնը, հաղորդում է The Guardian-ը:

Բարթոնի խոսքով, թմրանյութերի օրինականացումը կխաթարի գանգսթերների՝ «զիլ տղա» իմիջը, որոնք այդկերպ են հրապուրում երիտասարդներին, հաղորդում է NEWSru.com-ը: