ԱՄՆ-ի ծովային ուժերի հրամանատարությունը աշխատանքից հեռացրել է ամերիկացի երկու գեներալի` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Քեմփ Բաստիոն կայանի վրա 2012թ. սեպտեմբերին թալիբների հարձակման պատճառով:Այն ժամանակ այդ կայանում ծառայում էր Բրիտանիայի արքայազն Հարրին:
Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ի ծովային ուժերի հրամանատար գեներալ Ջեյմս Ամոսը հայտարարել էր, թե անցկացված ներքին քննությունը պարզել է, որ գեներալ- մայոր Չարլզ Գուրգանուսը եւ գեներալ-մայոր Գրեգ Ստերդեւանտը «հարկ եղած միջոցները չեն գործադրել» կայանը հարձակումից պաշտպանելու համար:
Թալիբների հարձակման պահին Հիլմենդ նահանգի Քեմփ Բաստիոն կայանում գեներալ-մայոր Գուրգանուսն ամենաբարձրաստիճան ամերիկացի զինվորականն էր Աֆղանստանի այդ տարածքում: Ստերդեւանտն այն ժամանակ ղեկավարում էր ԱՄՆ-ի ծովային ուժերի ավիացիան` Հիլմենդ նահանգում, հայտնում է lenta.ru-ն:
Հիլմենդ նահանգի Քեմփ Բաստիոն կայանի վրա թալիբների հարձակումը տեղի էր ունեցել 2012թ. սեպտեմբերի 15-ի գիշերը: Կայանի ամերիկյան հատված ներթափանցած «Թալիբան» շարժման գրոհայինները սպանել էին երկու նավաստիների եւ ոչնչացրել ԱՄՆ-ի ծովային ուժերին պատկանող Harrier վեց գրոհային օդանավը:





























