ԱՄՆ-ն համարժեք պատասխան է տվել Վենեսուելայից իր երեք դիվանագետների արտաքմանը. Երկրից արտաքսվել են վենեսուելացի երեք դիվանագետներ, այդ թվում՝ գործերի հավատարմատարը, երկրորդ քարտուղարը եւ հյուպատոսը, Պետդեպի աղբյուրի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, սեպտեմբերի 30-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր ամերիկացի երեք դիվանագետների ատաքսման մասին, այդ թվում՝ ժամանակավոր հավատարմատարին: Մադուրոն հայտնել էր, որ նրանք հանցակից են երկրի էլեկտրաէներգիայի համակարգում խափանումներ առաջացնելու գործում: ԱՄՆ-ն կտրականապես հերքել էր Կարակասի մեղադրանքները:
Մադուրոն Վենեսուելայից արտաքսել է ամերիկացի երեք դիվանագետի
Վենեսուելայի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերություններն արդեն երեք տարի է պահպանվում են ժամանակավոր հավատարմատարի մակարդակով: 2010թ. վերջին Կարակասում ԱՄՆ-ի դեսպան էր նշանակվել Լարի Պալմերը, որն էլ Կոնգրեսում հայտարարել էր Վենեսուելայի զինվորականների ցածր բարոյականության եւ Կոլումբիայի ապստամբների հետ ունեցած նրանց կապերի մասին:
Ի պատասխան այն ժամանակվա նախագահ Ուգո Չավեսը հայտարարել էր, որ «այդ պարոնը երբեք դեսպան չի լինի Կարակասում»: Վաշինգտոնն էլ վիզայի հարցում մերժել էր ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպան Բեռնարդո Ալվարեսին, որն ստիպված էր եղել հայրենիք վերադառնալ:





























