Նյու Յորքում անօթեւանը մկրատով հարձակվել է անցորդների վրա. հինգ մարդ վիրավոր է: Ոստիկանությունն անօթեւանին ձերբակալել է հոկտեմբերի 1-ին: Տուժածների թվում են Նյու Յորքի բալետի նախկին առաջատար մենապարողներից մեկը եւ նրա մանկահասակ որդին: Հանցագործը Թեքսասի 43-ամյա բնակիչ Ջուլիուս Գրեհեմն է, հայտնում է CBS հեռուստաալիքը: Նա Նյու Յորքում թափառականի կյանք էր վարում:
Նախնական տվյալով՝ հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան Գրեհեմը մկրատի սայրով զինվելով սկսել է հարձակվել անցորդների վրա: Հանցանքի վայր է դարձել Հուդսոն գետի ափին գտնվող Մանհեթենի հեծանվուղին:
Ամենաշատը տուժել է առավոտյան վազքի դուրս եկած 32-ամյա կինը: Նա մեջքին լուրջ վերքեր է ստացել: Տուժած Դինա Քոսթելը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատել են, հայտնում է Newsru.com-ը: Երկրորդ վազորդուհին՝ 36-ամյա Ջեսիկա Լիփսը, հարված է ստացել պարանոցին:
Տուժածի բղավոցը լսել են որդու հետ զբոսանքի դուրս եկած բալետի պարող Ջեյմս Ֆայեթը եւ 49-ամյա անցորդ Թոմաս Սիրիեքսը: Տղամարդիկ օգնության են վազել, սակայն արդյունքում Ֆայեթը ստիպված է եղել որդուն փրկել մահացու վտանգից, գրում է The New York Post-ը:
Երեխահայրը սեփական մարմնով ծածկել է երեխային, սակայն չարագործն այնուամենայնիվ կարողացել է վնասել փոքրիկ Լյուկի ձեռքը: Իսկ Ջեյմսը կրծքավանդակի հատվածում է հարված ստացել: Բժիշկները կարծում են, որ բոլոր տուժածները կփրկվեն: Անօթեւանին կզննեն հոգեբույժները:




























