Նայրոբիի առեւտրի կենտրոնի փլատակների տակ հայտնաբերել են եւս ինը զոհերի մարմիններ: Ոստիկանության տվյալներով՝ մարմինները խիստ տուժել են հրդեհի արդյունքում: Դրանց ճանաչման համար ԴՆԹ փորձաքննություն հարկավոր կլինի:

Քենիական իշխանությունները չեն նշել, արդյոք հայտնաբերված մարմինները ահաբեկչության զոհերի նշված թվի մեջ են, թե՝ ոչ: Հայտնի չէ նաեւ՝ արդյոք նրանց թվում կան նախկինում անհայտ կորած համարվող 39 մարդկանցից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Հիշեցնենք, որ քենիական մայրաքաղաքում սեպտեմբերի 21-ին զինված մարդիկ ահաբեկչություն էին կազմակերպել Westgate ԱԿ-ում, ինչի արդյունքում զոհվել էր 67, վիրավորվել՝ 175 մարդ: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ-Կաիդայի» հետ կապված «Աշ-Շաբաբ» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը: