Աշխատավարձերի բարձրացումը 2014 թ. տեղի է ունենալու փուլայնությամբ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային Ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:
Մինչ այդ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հարցրեց, թե ինչու Կառավարության առաջարկությունը չի համապատասխանում ՀՀ նախագահի հայտարարության հետ: Նախագահը հայտարարել է, թե աշխատավարձերը կբարձրանան 2014 թ. հունվարի 1-ից, իսկ կառավարությունը նախատեսում է հուլիսի 1-ից:
Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ 2014 թ. հունվարի 1-ից կսկսեն ուժային կառույցների աշխատավարձերի բարձրացումից, իսկ հուլիսի 1-ից կբարձրանա ողջ համակարգի աշխատավարձը: Ըստ Վ. Գաբրիելյանի` կառավարության կողմից առաջարկած փաթեթը ենթադրում է ոչ միայն աշխատավարձի բարձրացում, այլեւ կարգաբերում եւ կանոնակարգում: Վ. Գաբրիելյանն ասաց, որ նվազագույն աշխատավարձը զգալի բարձրացրել են հուլիսին, հետեւաբար` հունվարին կրկին աշխատավարձի սրընթաց բարձրացումը դժվարություններ կստեղծի տնտեսվարողների համար:





























