Իտալիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որում, ենթադրաբար, Սոմալիից մոտ 500 փախստականներ են եղել: Associated Press-ը, տեղի իշխանություններին վկայակոչելով, հաղորդում է 62 զոհերի մասին: Իտալական La Stampa թերթի տվյալով 82 դիակ է գտնվել:
Զոհերից առնվազն երկուսը երեխա են, զոհվել է նաեւ մեկ հղի կին: Արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու դեպքի վայրի մոտ գտնվող իտալացի ձկնորսները կարողացել են փրկել 141 մարդու: Եվս 250-ն անհետ կորած են: Նավի ուղեւորների որոնումը շարունակվում է, հայտնում է lenta.ru-ն:
AFP-ն հայտնում է, որ Լամպեդուզա կղզուց մոտ մեկ կմ հեռավորության վրա նավում տեխնիկական անսարքություններ են նկատվել: Իտալացի սահմանապահների ուշադրությունը գրավելու համար աֆրիկացիները սավան են այրել, կրակը դուրս է եկել վերահսկողությունից եւ տարածվել՝ խուճապ առաջացնելով: Արդյունքում նավը շրջվել է: La Repubblica Palermo-ն էլ գրում է, թե հրդեհը կարճ միացման հետեւանքով է բռնկվել:




























