ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով չեղյալ է հայտարարել Ինդոնեզիայում անցկացվող ԱԽՏՀ-ի գագաթաժողովին մասնակցելը եւ Բրունեյ կատարելիք այցը, ասված է հոկտեմբերի 3-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Մնալով ԱՄՆ-ում`Օբաման կշարունակի հանրապետական կոնգրեսականների կողմից բյուջեի հաստատմանը հասնելու իր փորձերը, ինչը հնարավորություն կտա վերականգնել պետկառույցների բնականոն աշխատանքը, ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Սպասվում էր, որ հոկտեմբերի 5-ին Օբաման կայցելի Ասիայի չորս երկրներ։ Օրակարգում ընդգրկված էին Մալայզիա, Ֆիլիպիններ, Բրունեյ եւ Ինդոնեզիայի Բալի կղզում ԱԽՏՀ-ի գագաթաժողով այցերը: Գագաթաժողովի շրջանակում պետք է տեղի ունենար Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Մալայզիա եւ Ֆիլիպիններ այցը չեղյալ հայտարարելու մասին հայտարարվել էր հոկտեմբերի 2-ին:
Օբաման չեղյալ է հայտարարել դեպի Մալայզիա եւ Ֆիլիպիններ այցելությունը՝ բյուջետային ճգնաժամի պատճառով
Ասիայի չորս երկրներ այցերի ընթացքում Օբամայի փոխարեն պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Ջոն Քերրին, ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ամերիկյան պետկազմակերպությունները դադարեցրել էին իրենց աշխատանքը հոկտեմբերի 1-ին: Դա տեղի էր ունեցել, երբ ԱՄՆ-ի կոնգրեսի ներքին պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, հրաժարվել էին հաստատել նոր ֆինանսական տարվա բյուջեն, որն ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերի 1-ից:





























