«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը մտադիր է խորհրդարանի քառօրյա նիստերը եռօրյայով փոխարինելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Այս մասին հոկտեմբերի  4-ի ճեպազրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ աշխատանքի չորրորդ օրը Ազգային ժողովը շատ պասիվ է դառնում. «Չորրորդ օրը պատգամավորներն արդեն հոգնում են եւ ի վիճակի չեն նստել խորհրդարանի դահլիճում եւ աշխատել»:

Կրկին մեկնաբանելով   ԱԺ նախագահի՝ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմից կրճատելու որոշումը, Հակոբյանը նշել է, որ ընթացակարգի համաձայն՝ խորհրդարանի խոսնակը պետք է դիմի «Ժառանգություն» խմբակցությանը, որը պետք է Փոստանջյանի տեղի համար թեկնածու առաջադրի:  «Այս պահի դրությամբ ԱԺ խոսնակից ոչինչ չենք ստացել»:

Նա միաժամանակ բացառել է այն հավանականությունը, որ իշխանությունները միջադեպը կօգտագործեն  խորհրդարանի պատվիրակության կազմը վերահսկելու համար: