«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը թուրք չէ, նա հայ է, ուղղակի յուրօրինակ կին է, ում համապատասխան գործողություններին մենք բազմիցս ականատես ենք եղել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ Փոստանջյանն այն անձնավորությունը չէ, որի գործողությունների վերաբերյալ ՀՅԴ-ն հայտարարությամբ հանդես գա:

«Նրա իրավունքն է, որոշել, թե ինչ հարց տա, սակայն ՀՅԴ անդամները երբեք իրենց թույլ չեն տվել նման հարցեր տալ, նույնիսկ այն տարիներին, երբ մեր տղաները անազատության մեջ էին: Այդպիսի հայտարարություններով չի կարելի վարկաբեկել սեփական երկիրը»,-նշել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ երկրում այնքան խնդիրներ կան, որ Փոստանջյանի բարձրացրած հարցն իր կարեւորությամբ 10-րդ տեղում է: Վարդանյանը պարզաբանել է, որ դեմ չէ երկրի խնդիրները նրա սահմաններից դուրս բարձրացնելուն, սակայն «կեղտոտ սպիտակեղենը» տնից դուրս չեն հանում: «Նախագահին կարելի էր ավելի բարդ հարցեր տալ, որոնք կվերաբերեին երկրի խնդիրներին»,-ընդգծել է դաշնակցական գործիչը:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում կազինոներ այցելելու մասին Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո կին պատգամավորի հասցեին բազմաթիվ քննադատություններ հնչեցին, դրանք երբեմն պարունակում են նաեւ վիրավորանքներ: Օրինակ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) դա որակել էր «լկտիություն», Զարուհուն անվանել «աննորմալ ու թուրք», Գալուստ Սահակյանն ասել էր, որ նրան պետք է պատասխանել «7-հարկանի» արտահայտությամբ, իսկ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) ասել էր, թե «Զարուհու նմանները գնում են սունաթված թուրքերի տակ են պառկում»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am