Երեւանում, հոկտեմբերի 7-ին կկայանա «Ընտրական գործընթացներում  ներգրավված կողմերի  դերակատարության գնահատում»  երկօրյա համաժողովի բացումը:

Միջոցառումը կազմակերպված  է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից  ԱՄՆՄԶԳ/Քաունթերփարթ ինթերնեշնլի hայաստանյան գրասենյակի հետ  սերտ համագործակցությամբ եւ անցկացվում է «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական  փուլերին» ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ:  Այն նպատակ ունի հրավիրելու ընտրական գործընթացների հիմնական մասնակիցներին՝ ինչպես հանրային հաստատությունների,  այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնք  ներգրավված են եղել  ընտրական փուլերում:

Միջոցառումը հնարավորություն կտա բոլոր հիմնական դերակատարներին քննարկել Հայաստանում 2012/2013 թթ. երկու խոշոր համապետական ընտրությունների ընթացքում փոփոխված Ընտրական օրենսգրքի կիրառումից քաղված դասերը: Այն նաեւ հարթակ կտրամադրի  տարբեր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝  քաղաքացիական հասարակությանը, ընտրական հանձնաժողովներին, Ազգային ժողովի խմբակցություններին, Ոստիկանությանը, դատավորներին եւ այլոց՝ վերլուծելու ընտրական գործընթացները, փորձը եւ  գնահատելու իրենց իսկ դերակատարությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը եւ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան: