Թեեւ Հայաստանում հպարտանում են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքներով, այդուհանդերձ, վերոհիշյալ սպառնալիքի դեմ պայքարը պետք է կրի հետեւողական բնույթ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ Վիկտոր Իվանովը Հայաստանում է գտնվում հոկտեմբերի 1-4-ը Երեւանում անցկացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այն անցկացվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների գործողության շրջանակներում:
Ընդգծելով, որ ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններից մեկն էլ անդամ պետությունների ուժերի համակարգումն է ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդպիսի սպառնալիքներից է թմրանյութերի անօրինական շրջանառությունը: Այդ տեսակետից Հանրապետության նախագահը կարեւորել է Երեւանում «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրանյութային գործողության անցկացումը եւ ողջունել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են համամարդկային այդ չարիքի դեմ:
Երկուստեք կարեւորվել է Երեւանում տեղակայված «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրանյութային գործողության ղեկավարման միջազգային համակարգող շտաբի գործունեությունը:
Հանդիպմանը զրուցակիցները բարձր են գնահատել նաեւ ՀՀ ոստիկանության եւ ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության միջեւ փոխգործակցությունը:





























