Discovery Communications հեռուստաընկերությունը Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փելինի հետ պայմանագիր կնքելու նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել։
Նահանգում ճանապարհորդության մասին պատմող ծրագրի համար պայքարում, որը վարելու է Փելինը, Discovery -ն առաջ է անցել մրցակից հեռուստաընկերությունից՝ AE Networks-ից։ Reuters-ը հաղորդում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։
2009 թվականին Սառա Փելինը թողել է նահանգապետի պաշտոնը, սակայն մինչ օրս շարունակում է մնալ լուրերի մշտական դեմքերից մեկը։ Մասնավորապես նա գիրք է հրատարակել, որը ԱՄՆ-ում դարձավ բեսթսելեր, իսկ 2010 թվականի սկզբից Փելինը Fox News-ի քաղաքական մեկնաբանն է։



























