Մինեապոլիս-Լաս Վեգաս չվերթի օդանավում հոկտեմբերի 3-ին իննամյա մի տղա է հայտնաբերվել, որը եղել է մենակ եւ առանց տոմսի:
Այս մասին հայտնի է դարձել միայն այժմ: Քննության ընթացքում պարզվել է, որ երեխան, հոկտեմբերի 3-ին` տեղի ժամանակով առավոտյան ժ. 10:30-ին, անցել է անցակետը եւ հայտնվել Delta ավիաընկերության օդանավում, որը իրականացնում էր 1651 չվերթը դեպի Լաս Վեգաս:
Օդանավում անտոմս երեխայի գտնվելու մասին անձնակազմն իմացել է թռիչքի կեսից, երբ պարզվել է, որ տղայի անունը չկա առանց ծնողների ուղեկցության թռչող երեխաների ցուցակում:
Լաս Վեգասում վայրէջք կատարելուց հետո երեխային ոստիկանությանն են հանձնել: Մինեապոլիսի իրավապահ մարմինները հանդիպել են երեխայի ծնողների հետ, որոնք հայտնել են, թե թռիչքի օրը տղան իրենց աչքին չի երեւացել:
Հսկող տեսախցիկներն արձանագրել են, որ իննամյա տղան հայտնվել էր Մինեապոլիսի օդանավակայանում՝ Լաս Վեգաս թռչելուց մեկ օր առաջ: Այդ օրը տղան վերցրել էր ուրիշի պայուսակ, գնացել էր սրճարան, ուտելիք պատվիրել, իսկ հետո ճամպրուկը թողել էր եւ ձեւացրել, թե զուգարան է գնում: Դրանից հեո երեխան սրճարան չէր եկել, եւ այդպիսով հեռացել էր` առանց վճարելու: Հետագայում պայուսակը վերադարձվել էր օրինական տիրոջը:
Թե ինչպես էր երեխային հաջողվել առանց տոմս անցնել Մինեապոլիսի օդանավակայանի վերահսկման բոլոր համակարգերը,հայտնի չէ: ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության վարչությունում պարզաբանել են, որ տղան անարգել անցել է անցակետը, քանի որ գերատեսչության պարտականությունների մեջ մտնում է միայն վտանգ ներկայացնող ուղեւորներին բացահայտելը, այլ ոչ թե տոմս չունեցողներին, գրում է lenta.ru -ն` վկայակոչելով Associated Press-ը:




























