ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ժ. Խաչատրյանը NEWS.am-ի խմբագրություն է ուղարկել իր մեկնաբանությունը՝ կապված օրերս ռեկտոր Արա Ավետիսյանի հարցազրույցի հետ:
«Իմ կողմից ՀՊՃՀ-ի գիտական խորհրդում համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի աշխատավարձերի ձեւավորման սկզբունքների վերաբերյալ հնչել է քննադատություն, որի վերաբերյալ ռեկտորի եւ իմ միջեւ եղել է առանձնազրույց, որի վրա է հղվում պրն. Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ ունեցած հարցազրույցում: Ես կարծել եմ, որ իմ եւ ռեկտորի միջեւ ունեցած խոսակցությունը չարժեր դարձնել քննարկման առարկա, քանի որ հոկտեմբերի 14-ին` ժամը 14:30-ին նախատեսված է կոլեկտիվի արհկոմի նիստ, որում ռեկտորը կանի որոշակի մեկնաբանումներ իր արած քայլերի վերաբերյալ, որոնց հետեւանքով տեղի է ունեցել աշխատավարձի զգալի նվազում, ուսումնական բեռի աճ եւ այլն: Համարել եմ, որ մեր առանձնազրույցի մասին բարձրաձայնելը եւ այն հանրային քննարկման առարկա դարձնելը, մեղմ ասած ճիշտ չէ, քանի որ դա կարող է բացասաբար ազդել կոլեկտիվի հոկտեմբերի 14-ի ժողովում քննարկման բովանդակության վրա` հանդիսանալով տարաբնույթ շահարկումների առիթ: Կարծել եմ նաեւ, որ քննարկումները պետք է արվեն, նախ եւ առաջ, կոլեկտիվում` անկաշկանդ մթնոլորտում, կառուցողական հունով:
Ինչեւէ, եթե պրն. Ավետիսյանը ստիպված է եղել հայտնել մեր առանձնազրույցի մանրամասները` այն էլ աղավաղված տարբերակով, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում անել որոշ մեկնաբանություններ NEWS.am-ի թղթակցին իր ասածի վերաբերյալ:
Իրոք, ռեկտորի առաջարկով, իր եւ իմ միջեւ տեղի է ունեցել առանձնազրույց, վերաբերող համալսարանի գիտխորհրդում իմ կողմից հնչեցված քննադատականին: Ռեկտորը փաստեց, որ աշխատավարձերի առումով իրոք կա խնդիր, եւ որ ինքը այդ առումով մտադիր է ձեռնարկել որոշակի քայլեր: Ես ողջունեցի ռեկտորի իր նախկին որոշումը վերանայելու հակվածությունը եւ հույս հայտնեցի, որ իրավիճակը շտկելուն ուղղված իր նախաձեռնելիք քայլերի մանրամասները պետք է հայտնի կոլեկտիվին` հոկտեմբերի 14-ի ժողովում: Ես հավելեցի նաեւ, որ իր հանդիպումը կոլեկտիվի հետ խիստ անհրաժեշտ է, քանի որ կոլեկտիվը չափազանց լարված է եւ աշխատավարձի իջեցումը ձմռան շեմին, այս թանկացումների պարագայում անթույլատրելի է եւ ձեւավորում է համալսարանում պայթյունավտանգ իրավիճակ: Ստեղծվածի առումով ես ռեկտորից որեւէ պարզաբանում չեմ ստացել, ավելին` ես չեմ ասել ... այ հիմա հասկացա, պարոն Ավետիսյան ջան … ավելին` ես պնդել եմ լրիվ հակառակը.
Հարգելի պարոն Ավետիսյան ջան, ես բացարձակ չեմ հասկանում Ձեր որեւէ քայլ, որը հանգեցնում է
ա) պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի չափի զգալի նվազման,
բ) նրա ուսումնական բեռնվածքի էական աճի, առավել եւս, երբ այդ ամենը տեղի է ունենում հետեւյալին զուգահեռ՝
• ուսման վարձի ավելացում,
• բեռնվածքների միջինի ավելացում եւ լսարանային-արտալսարանային ժամերի հարաբերակցության խիստ աճ,
• մեծ հոսքերով, խմբերով եւ ենթախմբերով ուսումնառության իրականացում,
• արտալսարանային ժամերի աննախադեպ կրճատում,
• պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ անձնակազմերի շարունա-կական բնույթ կրող կրճատումներ եւ այլն:
Հարգելի պարոն Ավետիսյան, ես բացարձակ չեմ հասկանում նաեւ ձեր միտումը արհեստածին եղանակով պակասեցնել մեր համալսարանի պրոֆեսորների եւ դոցենտների քանակը: Ես չեմ ընդունում նաեւ, երբ դա արվում է հապճեպ եղանակով, նախադեպը չունեցող ծավալի ընտրություններով, դասախոսական միջավայրում դժգոհություններ հրահրող ճանապարհով, մարդկանց իրավունքի եւ վաստակի արհամարմամբ եւ այլն:
Հարգելի պարոն Ավետիսյան, ես չեմ հասկանում ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից ցուցաբերած այն անտարբեր ու արհամարհական վերաբերմունքը, երբ հարկ չի համարվում տեղեկացնել մեզ` մեր աշխատավարձի չափի մասին: Աշխատավարձի մասին մենք տեղեկանում ենք դասերը սկսելուց մեկ ամիս անց: Մեր աշխատանքային պայմանագրերը մեզ հրամցվում են ստորագրման հոկտեմբերի 1, 2- ի դրությամբ, երբ կոլեկտիվը երկու ամսից ավել աշխատավարձ չի ստացել ու շատ աշխատակիցներ իրենց եւ իրենց ընտանիքների ֆիզիկական գոյության պահպանման համար ճարահատյալ պարտադրված են այդ պայմանագրի ստորագրմանը: Կատարվածը ոչ միայն աշխատանքային օրենսդրության պահանջների համապատասխան դրույթների կոպտագույն խախտում է, այլ նաեւ ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից սեփական կոլեկտիվի հանդեպ արհամարհական վերաբերմունքի դրսեւորում, երբ իսկզբանե համարվում է, որ կոլեկտիվը անկախ վարձատրման չափից ճարահատյալ պարտադրված է իրականացնել չհիմնավորված կամայական ծավալի ուսումնական բեռնվածք: Հաշվի չի առնվում նաեւ այն հանգամանքը, որ նման միջոցառումները խիստ բացասաբար են անդրադառնում ուսումնական պրոցեսի եւ ուսանողությանը որակյալ կրթություն տալու առումով:
Հարգելի պարոն Ավետիսյան, Ձեր ասածից ու արածից հասկանում եմ միայն մեկ բան: Դուք ամեն կերպ խուսափում եք կոլեկտիվի հետ հանդիպումից, երբ Ձեզ պարզ դարձավ, որ սկսվել է բողոքի մեծ ալիք, ինչի մասին վկայում է իմ կողմից նախաձեռնված ստորագրահավաքը, որը մեկ օրվա ընթացքում հավաքեց 150-ից ավելի ստորագրություն՝ ի դժգոհություն ԲՈՒՀ-ում Ձեր վարած քաղաքականությանը: Ձեր՝ այս շաբաթ ռեկտորատի նիստ հավաքելը, ըստ ամենայնի, հետապնդում է հետեւյալ նպատակը՝ կիրառելով վարչական լծակ, ինչ-որ կերպ քողարկել դժգոհության ալիքը եւ կասեցնել կոլեկտիվի նիստին միտված ստորագրահավաքը: Ինչ վերաբերում է ԲՈՒՀ-ում հնարավոր դասադուլին, ապա այստեղ ես համակարծիք եմ ռեկտորի հետ»,- ասված է դասախոսի նամակում:





























