Փաստաբան Արա Զաքարյանը հույս ունի, որ իր պաշտպանյալը՝  ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այսօր ազատ կարձակվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ այսօր կեսօրին ավելի հստակ կլինի՝  երբ Վոլոդյա Ավետիսյանը ազատ կարձակվի, դա կախված է նրանից, թե քննիչը երբ որոշում կկայացնի համաներումը կիրառելու մասին:

Ինչ վերաբերում է համաներումից հրաժարվելուն, ապա Արա Զաքարյանն ասաց, որ դա վերաբերում է խափանման միջոցի փոփոխությանը, եթե նույնիսկ դատարանը որոշի ամենախիստ պատիժը՝ 5 տարի, միեւնույն է, համաներման արդյունքում Վոլոդյա Ավետիսյանը այդ պատժից կազատվի, «այսինքն՝ անկախ գործի ընթացքից, Վոլոդյա Ավետիսյանը պատիժ չի կրի»:

Փաստաբանի խոսքով՝ համաներումը կոնկրետ անձին չի վերաբերում, այլ հոդվածներին, եւ հետեւաբար ճիշտ չէ ասել, որ իշխանության մարդասիրության արդյունքում ազատամարտիկը ազատ արձակվեց:

Նա նաեւ ասաց, որ գործը, որի շրջանակներում կալանավորվել է  Վոլոդյա Ավետիսյանը, հարուցվել է բազմաթիվ հոդվածներով, որոնց վրա համաներում չի տարածվում,  իսկ ազատամարտիկին առաջադրված մեղադրանքի վրա համաներումը տարածվում է:

Ամեն դեպքում, դժվար է ասել նրա՝ ազատ արձակումից հետո ինչ ընթացք կստանա գործը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության հրապարակում  ազատամարտիկների բողոքին միացած պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ/ գործի շրջանակներում է  ձերբակալվել  պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը, ապա կալանավորվել:

Գործի նյութերով Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն երկար ժամանակ նստացույցեր եւ հանրահավաքներ է իրականացնում Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում՝ պահանջելով ազատամարտիկների կենսաթոշակները կրկնապատկել, զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին արժանապատիվ կենսաթոշակ նշանակել: «Խոսքը թե ազատամարտիկների, թե պայմանագրային եւ եռամսյա զինծառայողների մասին է, բոլոր-բոլորի»,-ասել էր նա: