ԱՄՆ-ում արգելել են նախկին հատուկ գործակալ Ջոն Դոդսոնի գրքի տպագրությունը՝ Fast and Furious սկանդալային գործողության տապալման մասին: Հատուկ գործակալները զենք էին վաճառել մեքսիկացի թմրակարտելներին՝ փորձելով հետեւել նրանց տեղաշարժերին: 

Ավելի ուշ զենքի մի մասը կորել էր եւ օգտագործվել ինչպես մեքսիկացիների, այնպես էլ ամերիկացիների սպանության համար: 2011թ. Fast and Furious գործողությանը հաջորդել էին մի շարք աղմկահարույց պաշտոնանկություններ՝ թեեւ հիմնական մանրամասները հաջողվել էր թաքցնել մամուլից:

«Գիրքը, որտեղ պատմվում է գործողության բոլոր մանրամասների մասին, վնասակար ազդեցություն կունենա ընթերցողների վրա եւ վնաս կհասցնի Թմրանյութերի դեմ պայքարի վարչության եւ ՀԴԲ-ի հետ մեր հարաբերություններին», - գործողությունն իրականացրած Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի շրջանառության վերահսկողության բյուրոյի (ATF) հաղորդագրությունն է մեջբերում  The Washington Times-ը:

Ներկայումս բյուրոյի փորձագետները քննում են այն հարցը, թե խախտել է արդյոք Դոդսոնը պետական գաղտնիքը, հաղորդում է rbc-ն:

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների բացահայտումների նկատմամբ նման խստացված  ուշադրությունը կապված է ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հրահրած սկանդալի հետ: