Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի ոստիկանությունն ակտիվացրել է հետաքննությունը երկու վրաերթների գործով, որոնց արդյունքում երեք հայ տարեց կանայք ծանր վնասվածքներ էին ստացել եւ հիվանդանոցում պայքարում են կյանքի համար: Ոստիկանները փնտրում են վարորդներին, որոնք դեպքի վայրից փախուստի էին դիմել: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Քննիչները նախատեսում են ուսումնասիրել վերահսկող տեսագրությունները, որպեսզի պարզեն դեպքի վայրից փախուստի դիմած վարորդների անձը: «Խնդրում ենք ճիշտ վարվեք ու հանձնվեք ոստիկանությանը»,- վարորդներին կոչ է արել Գլենդելի ոստիկանության սերժանտ Թոմ Լորենցը:
Մինչդեռ վթարից տուժածները՝ 75-ամյա Լելե Իսախանյանը, 74 - ամյա Սրբուհի Կարապետյանը եւ 69-ամյա Բեկզադ Շահբազյանը շարունակում են մնալ Լոս Անջելեսի շրջանային բժշկական կենտրոնում: Իսախանյանը, ով տուժել էր հարվածից այն բանից հետո, երբ դուրս էր եկել իր կայանած ավտոմեքենայից, դեռեւս ծանր վիճակում է: Կարապետյանը դեռ կոմայի մեջ է, իսկ Շահբազյանը ստացել է գլխի լուրջ վնասվածք այն բանից հետո, երբ երկու կանայք, որոնց ոստիկանության սերժանտն անվանում «լավ ընկերուհիներ», վրաերթի են ենթարկվել հետիոտնի անցումի վրա՝ իրենց սովորական գիշերային զբոսանքի ժամանակ:





























