Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել, որը արեգակնային նյութի պսակային արտաժայթքման արդյունք է: Պլազմայի ամպը երկրային մագնիսական մթնոլորտի տատանումներ է առաջ բերել, որն արձանագրել են «Ռոսհիդրոմետի» կիրառական ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական եղանակի կանխատեսումների կենտրոնում եւ ԱՄՆ-ի մթնոլորտային եւ օվկիանոսագիտական հետազոտությունների ազգային վարչությունում:

Գեոմագնիսական տատանումների ինդեքսը մագնիսական փոթորկի մակարդակի  է հասել հոկտեմբերի 9-ին՝ Երեւանի ժամանակով կեսգիշերից սկսած: Առայժմ հայտնի չէ, թե որքան այն կշարունակվի, հայտնում է  utro.ru-ն:

Մագնիսական փոթորիկները վտանգավոր են օդերեւութաբանական երեւույթների նկատմամբ զգայուն մարդկանց համար: Դրանք առաջ են բերում գլխացավեր, միգրեն, անքնություն, ճնշման անկում եւ արագ սրտխփոց: Նաեւ թթվածնային քաղց է առաջանում: Բժիշկները նման մարդկանց խորհուրդ են տալիս  նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ շատ հեղուկ օգտագործել: