Հետապնդում, ահաբեկումներ, դաժան վերաբերմունք, ձերբակալություններ, կեղծ մեղադրանքներ եւ անարդար դատավարություններ՝ այս ամենը ադրբեջանական իշխանությունների գործողությունների անբաժան մասն է նախագահական ընտրությունների ժամանակահատվածում: Այս մասին ասված է «Amnesty International» իրավապաշտպանական կազմակերպության զեկույցում:
«Գրեթե ամենօրյա ձերբակալություններին զուգահեռ դժվար է հաշվել հետապնդվողների ճշգրիտ թիվը», – հայտնել է Եվրոպայի եւ Արեւելյան Ասիայի գծով «Amnesty International»-ի տնօրեն Ջոն Դալեյզենը:
Զեկույցում ասված է, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը վախեցնում եւ ճնշում քննադատներին՝ դեռ 2011թ. Գարնանը սկիզբ առած բողոքի ցույցերից սկսած: Ըստ զեկույցի՝ կառավարության հարվածի տակ են հայտնվում ոչ կառավարական կազմակերպությունները, լրատվամիջոցները, ընդդիմադիր կուսակցությունները:
Զեկույցում նաեւ նշվում է, որ Ադրբեջանը ստորագրել է մարդու իրավունքները եւ ընտրությունները պաշտպանող բոլոր կարեւոր փաստաթղթերը: Նա ԵԽ-ի անդամ է եւ ԵՄ երկրներից շատերի կարեւոր գործընկեր: Սակայն իր գործընկերների անհանգստությունը քաղաքացիական հասարակության եւ անկախ լրատվամիջոցների ճնշումների վերաբերյալ՝ հերքվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են: Ադրբեջանի ընդդիմությունն արդեն հայտարարել է զանգվածային կեղծիքների մասին: Գործող նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է երրորդ հնգամյա ժամկետում վերընտրվել:





























