Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման եւ հետընդունման մասին համաձայնագրերին, գրված է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում:
Այս պահից սկսած կարճ ժամանակով ԵՄ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիները կբախվեն նվազագույն խոչընդոտների:
Վիզային ռեժիմի պարզեցումն ուղղված է 180 օրվա ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամկետով վիզաների տրամադրմանը սատարելուն:
Զեկուցող Էդիտ Բաուերը հայտարարել է, որ վիզային ռեժիմի պարզեցումը կարող է նոր ազդակ հաղորդել համագործակցությանը, հատկապես քաղաքացիների տեղաշարժերի առումով, ինչը շատ կարեւոր է մարդկանց միջեւ շփումների տեսանկյունից:
Նա հավելել է, որ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի հավասարակշռության համար նաեւ ապօրինի միգրացիոն հոսքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ են հարկավոր:
Հետընդունման մասին համաձայնագիրը կկարգավորի ԵՄ-ի եւ Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձնելու եւ հետընդունման ընթացակարգերը:
Համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն երկրորդ ամսվա առաջին օրը այն բանից հետո, երբ վերջին կողմը վավերացնի դրանք եւ իրազեկի մյուս կողմին:





























