Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հանդես է եկել ուղերձով՝ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւի ընտանիքին հասցեագրված սպառնալիքների կապակցությամբ:

Ինչպես ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, լրագրողի հայրը մարտի 17-ին անանուն զանգ է ստացել՝ որդու հասցեին հնչող սպառնալիքներով, եթե նա վերջ չտա իր հայտարարություններին:

Turan գործակալության տվյալներով, դա առաջին սպառնալիքը չէ, որ ստանում է Ֆաթուլլաեւի ընտանիքը, 2005թ. մարտի իր գործընկերոջ Էլմար Հուսեյնովի սպանությանը իշխանությունների մեղսակցության մասին լրագրողի հայտարարությունից հետո:

Amnesty International-ը Ֆաթուլաեւին մեղսագրված մեղադրանքները կեղծված է համարում: Շուտով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննելու է լրագրողի բողոքը, եւ նախօրեին Ֆաթուլլաեւի դեմ սադրանք է կազմակերպվել: Բանտում լրագրողի հագուստների մեջ հերոին է հայտնաբերվել եւ նրա դեմ նոր քր.գործ է հարուցվել: Լրագրողի մտերիմների կարծիքով, դա միտումնավոր է արվել, որ նրան բաց չթողնեն:

Amnesty International-ը միջազգային հանրությանը կոչ է արել Իլհամ Ալիեւից պահանջել՝ ապահովել լրագրողի անվտանգությունը: