Թուրքիայի խորհրդարանում քննարկվել է արտասահմանում ապրող թուրքերի խնդիրների լուծման ուղիները եւ այդ նպատակով ստեղծվելիք արտասահմանյան թուրքերի վարչության հետ կապված խնդիրներ, որի ժամանակ հիշյալ նախագծին հակազդեցություն է ցույց տվել Մուշից ընտրված «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության քուրդ պատգամավոր Սըրը Սաքըքը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ քուրդ պատգամավորը նշել է. « Մինչ արտասահմանում ապրող մեր եղբայրների խնդիրներին անդրադառնալը պետք է մեր երկրում ներքին խնդիրները լուծենք։ Ամեն անգամ ասում եք արտասահմանի թուրքեր։ Լավ, իսկ ի՞նչ անեն այստեղ ապրող, սակայն թուրք չհանդիսացող քաղաքացիները։ Քրդերը, հայերը, արաբները ինչ՞ են անելու։ Հենց խնդիրը քրդերին, հայերին է վերաբերում՝ ասում եք. „վայ, շատ վատ է“, իսկ երբ խնդիրը թուրքերին է վերաբերում՝ խորհրդարանում դաշինք եք ստեղծում»։
Քուրդ պատգամավորի այս խոսքերին ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կին պատգամավոր, երդվյալ հակահայ Ջանան Արըթմանը հակադարձել է՝ ասելով, որ Սաքըքը ռասիստական քայլեր է անում։ Քուրդ պատգամավորը պատասխանել է հետեւյալ կերպ. «Իսկական ֆաշիստ եք։ Միշտ մարդկանց ազգությունների ուսումնասիրման որսի եք դուրս եկել։ Դուք նույնիսկ ասացիք, որ նախագահ Գյուլը հայկական արմատներ ունի։ Դուք եք ռասիզմը պաշտպանում, շրջվեք եւ հայելու մեջ ձեզ նայեք»,-նշել է Մուշից ընտրված քուրդ պատգամավորը։
Որպեսզի ընդգծվի Ջանան Արըթմանի հոգեկերտվածքը, նշենք նախկինում նրա արած հայտարարությունը՝ նախագահ Աբդուլլահ Գյուլի կնոջ հետ կապված։ Ըստ թուրքական Zaman-ի՝ Արըթմանը լրագրողների ներկայությամբ ասել է. «Տեսաք Գյուլի կինը վերջին անգամ ինչ հագուստ էր կրում: Այդպիսի հագուստ միայն միանձնուհիներն են կրում: Եթե ասեմ Գյուլի կինը նման է պինգվինի` այդ դեպքում պինգվիններին վիրավորած կլինեմ».- ասել էր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կին պատգամավորը:




























