Չեչնիայի քառասուն բնակիչներ, որոնք բողոքել են իրենց անհետացած հարազատների հետաքննության դեմ, ՄԻԵԴ-ի որոշմամբ Ռուսաստանից մոտ մեկ միլիոն եվրոյի չափով բռնագանձում կստանան: Վճիռը կայացվել է հոկտեմբերի 10-ին:

ՄԻԵԴ-ի կայքում հրապարակված տեքստը վկայում է, որ դատարանը տուժողների օգտին բռնագանձել է 980 հազար եվրո, որը ներառում է փոխհատուցում բարոյական եւ նյութական վնասի համար: Դատարանը ռուսական իշխանությունների գործողությւոններում հայցվորների իրավունքների խախտումներ է տեսել: Ինչպես հայցվորներն են պնդում, նրանց հարազատներն անհետացել են 2000-ականների սկզբին՝ զինծառայողների կողմից ձերբակալվելուց հետո: Հայցում նշվում է, որ ռուսական իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրել՝ հայտնաբերելու անհետացածներին եւ պատժելու մեղավորներին, փոխանցում է «Lenta.ru»-ն:

Նշենք, որ ՄԻԵԴ-ը պարբերաբար բողոքներ է ստանում Չեչնիայի բնակիչների կողմից, որոնք իրենց հարազատներին կորցրել են 2000-ականների սկզբում: Դատարանը հիմնականում վճիռ է կայացնում հօգուտ հայցվորների: Ներկայումս Չեչնիայում անհայտ կորած անձանց թիվը կազմում է մոտ 7,5 հազար: