Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հոկտեմբերի 9-ին այցելել է Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավա:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեսպանը նախ հանդիպում է ունեցել Արտաքին եւ Եվրոպայի գործերի նախարարությունում, ուր տարածքային վարչության պետ Բրանիսլավ Հիտկայի հետ քննարկվել են հայ-սլովակական հարաբերություններին առնչվող, ինչպես նաեւ Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային խնդիրներ:
Այնուհետեւ դեսպան Սեյրանյանին ընդունել է Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային խորհրդի նախագահ Պավոլ Պաշկան: Հանդիպման սկզբում Տիգրան Սեյրանյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի օրենսդիրի ղեկավարին` Ազգային խորհրդի 2004թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության եւ 2009թ. ընդունած ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրենքի համար: Կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան եւ երկկողմ հարաբերությունների ընթացքը: Երկուստեք շեշտվել է միջխորհրդարանական գործակցության զարգացման եւ բարձր մակարդակով փոխադարձ այցերի անհրաժեշտությունը:
Սլովակիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դեսպանը ներկայացրել է հայ-սլովակական հարաբերությունների ներկա վիճակը, Պրահայում ՀՀ դեսպանության գործունեությունը: Քննարկվել են նաեւ հայ համայնքին առնչվող հարցեր:





























