Հանրապետական խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի անդամներին ոչ թե «մի կտոր հաց ուտելու է հրավիրել, այլ ճաշկերույթի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Նա պարզաբանեց, որ հրավիրված էր Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ միջոցառման «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում, որի ժամանակ բազմակողմանի հարցեր էին քննարկվել, իսկ ինքը շնորհակալություն էր հայտնել հրավերի եւ հյուրասիրության համար: «Ես էլ ասել եմ՝ շնորհակալ եմ հյուրասիրության, մարդկային վերաբերմունքի համար, վերջում ասի՝ ճաշկերույթի համար եմ շնորհակալ, ինչը նշանակում է, որ ես էլ եմ պատրաստ ճաշկերույթի հրավիրեմ, իրենք էլ ասել են՝ գնում ենք գիշերը, հաջորդ անգամ, վերջացավ, գնաց»,-պարզաբանեց պատգամավորը:
Հարցին, թե չեք ասել՝ գնանք, մի կտոր հաց ուտենք, պատգամավորն ասաց. «Չէ հա, կարող ա գիտե՞ս, ես եմ որոշողը: Ի՞նչ կա, եթե մարդիկ հրավիրել են, գնացել ենք, հիմա ես էլ մարդ եմ, իրավունք չունեմ, ի՞նչի հյուրասիրությունը ինչ է, կարո՞ղ է ես ինչ-որ ակնկալիքներ ունեի»:
Մուրադ Մուրադյանը շեշտեց, որ իր մասին լրատվամիջոցներում «սուտ» բաներ են գրում, եւ դա անում են պատվերով, ինչպես օրինակ՝ գրել էին, թե նա ՀԷԿ-եր ունի, մինչդեռ պատգամավորը պնդում է, որ ոչինչ էլ չունի: Դիտարկմանը, թե դուք շատ հյուրասեր եք, օրինակ՝ հայտնի է ֆաքսին սուրճ հյուրասիրելու պատմությունը, Մուրադ Մուրադյանը նկատեց. «Դա էլ է սուտ, ով հորինել է, նրա հերն էլ անիծած, ի՞նչ ֆաքս, ի՞նչ բան, կամ եթե մեկը նախարար է լինում, գալիս են իրա մոտ, ուզում է սուրճ հյուրասիրի, իր կաբինետից դո՞ւրս է հյուրասիրում, էդ ինչ անմակարդակ խոսակցություն է»:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ «ԱԺ Հայաստան–Գերմանիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները հանդիպել են Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի անդամների հետ։ Ինչպես պատմում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, հանդիպման վերջում ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը հանկարծ հանդիսավոր կերպով ձայնի իրավունք Է խնդրել ու գերմանացի պատգամավորներին շնորհակալություն հայտնել Բեռլինի պատի քանդման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով իրենց Գերմանիա հրավիրելու համար։
«Շնորհակալություն մարդկային վերաբերմունքի համար,–ասել է նա ու շարունակել,–կլինի՞ երեկոյան ձեզ հաց ուտելու հրավիրեմ։ Դուք ընտրեք ռեստորանը, եւ գնանք»։ Գերմանացիները քաղաքավարի կերպով մերժել են Մուրադյանի հրավերը, իսկ հայ պատգամավորները, այդ թվում ՀՀԿ-ականները, չեն կարողացել թաքցնել իրենց ծիծաղը։ Հիշեցնենք, որ Մ. Մուրադյանը, երբ բնապահպանության նախարար Էր, իր քարտուղարուհու հարցին, թե ֆաքս է եկել, ինչ անեմ, պատասխանել էր. «Սուրճ հյուրասիրիր, մինչեւ ազատվեմ»»,–գրում է թերթը։




























